Հայաստանի ֆուտբոլի առաջնության 38-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Դիլիջանի «Իմպուլսին» ու մրցակցի դաշտում միավոր վաստակած «Գանձասարին» հնարավորություն տվեց միավորներով հավասարվելու իրեն: Ասենք, որ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտված խաղում կապանցիների մրցակիցն էր սեփական հարկի տակ հանդես եկած «Բանանցը»: Հետաքրքիր զուգադիպությամբ տուրն անհաջող ընթացք ունեցավ առաջատարների` «Շիրակի» ու «Միկայի» համար, այն տարբերությամբ, որ եթե «ՈՒլիսի» հետ արտագնա խաղում գյումրեցիները գոլազուրկ հանդիպման արդյունքում միավոր վաստակեցին, ապա «Միկային» դա էլ չհաջողվեց: Ի հաշիվ Անդրանիկ Սարգսյանի խփած գոլի, «Արարատը» վաստակել է երեք միավոր: Այս տուրից հետո «Շիրակի» անվան դիմաց գրանցված է 78 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Միկայի» միավորները 75-ն են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ